Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
17.01.2020 | 00:02
Հայաստանում աշխատող բարձրաստիճան ռուս սպաների համար կաշառակերությունը աշխատանքային լրացուցիչ խթան էր դարձել։ Խորհրդային երկրի գաղափարախոսությանը հակասող այս աներևակայելի երևույթի հետ առնչվել եմ նաև Արտաշատում աշխատածս տարիներին, դեռևս 1984 թվին: Այսպիսի մի դեպք: Արտաշատի զինկոմիսարի հրամանով մեր ինստիտուտի ինժեներ Վարդանին մեկ տարվա ընթացքում երկու անգամ ընդգրկել էին պահեստի սպաների համար նախատեսված զինվորական դասընթացներին, ինչը խիստ կասկածելի էր: Նման դեպքերի համար հատուկ կարգ կար. զինվորական կոմիսարիատը նախօրոք պետք է ստանար ռեժիմային մեր ինստիտուտի տնօրենի համաձայնությունը և, բացի այդ, ինստիտուտում աշխատող պահեստի սպաները վերապատրաստման դասընթացների կարող էին հրավիրվել միայն երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ: Ինչպե՞ս եղավ, որ տվյալ ինժեները մեկ տարվա ընթացքում երկու անգամ ընդգրկվեց սպայական դասընթացներին: Որոշեցի այս հարցում որոշակի պարզություն մտցնել։ Մի՞թե խորհրդային զինկոմիսարիատներում էլ են կաշառքակեր վերցնում, կաշառակերներ են բնակալվել: Մոսկվայում և Լենինգրադում մշտական աշխատանքային հարաբերությունների մեջ եմ եղել խորհրդային սպայական կազմի ու գեներալիտետի հետ, նրանք իրենց պատվին գերի, անկաշառ, անաչառ, երկրի շահերով ու ճակատագրով մտահոգված մարդկանց տպավորություն էին թողել և, խնդրեմ, այստեղ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, ինչ-որ բան այն չէ։ Որոշեցի խորանալ այս պատմության մեջ ու պարզել ճշմարտությունը:
Նախ, հատուկ կապի միջոցով (ի միջի այլոց, հատուկ կապի միջոցները տեղադրված էին Արտաշատի «Էլեկտրոնստանդարտում» և սահմանափակ թվով հայկական ձեռնարկություններում, ինչն ընդգծում էր մեր ինստիտուտի կարևոր նշանակությունը ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության համակարգում) կապվեցի ՊԱԿ-ի նախկին գնդապետ, Լենինգրադում մեր ինստիտուտի մշտական ներկայացուցիչ Պավել Նեզնամովի հետ, հետևյալ առաջադրանքը տվեցի.
-Պարզեք, թե տվյալ պահին որտե՞ղ է գտնվում մեր ինժեները:
Մեկ ժամ անց ստանում եմ պատասխանը.
-Ձեր ինժեները Լենինգրադի «Տրոիցկի» շուկայում ծաղիկ է վաճառում, ապրում է «Ռոսիա» հյուրանոցի այսինչ համարում:
Այդ հեռագիրը ձեռքիս մտա Արտաշատի զինկոմի մոտ:
-Ընկեր գնդապետ, ասացեք խնդրեմ, ներկա պահին որտե՞ղ է գտնվում մեր ինժեները:
-Ձեր աշխատակիցը մասնակցում է հերթական զինվորական դասընթացներին:
-Ոչ, տեսեք, թե ներկա պահին որտեղ է գտնվում ու ինչով է զբաղված մեր աշխատակիցը,- սեղանին եմ դնում Նեզնամովի հեռագիրը,- ԿԳԲ-ի կանալներով պարզել եմ, որ ներկա պահին նա Լենինգրադում ծաղիկ է վաճառում, իսկ Դուք պնդում եք, որ նա զինվորական դասընթացներին է մասնակցում։ Սա այս տարվա արդեն երկրորդ դեպքն է, ես հիմքեր ունեմ հավատալու այն խոսակցություններին, որ Դուք չարաշահում եք Ձեր պաշտոնեական դիրքը, արատավորում եք կուսակցականի ու զինվորականի պատիվը և կաշառքով, զինվորական դասընթացների անվան տակ, մարդկանց աշխատանքից բացակայելու տեղեկանքներ եք տրամադրում։ Այսօրինակ գործողությունների համար Դուք վաստակել եք ռազմական տրիբունալի առաջ կանգնելու իրավունքը՝ պաշտոնեական կեղծիքի ու կաշառակերության մեղադրանքներով:
Գնդապետը առարկելու փորձ անգամ չարեց, գույն տվեց, գույն առավ, կապտեց ու կարմրեց, միայն խնդրեց, որ թույլ տամ ջուր խմի։ Պատկերացնու՞մ եք. ռուս գնդապետը իր առանձնասենյակում ջուր խմելու թույլտվություն է խնդրում բավականին երիտասարդ հայ տնօրենից: Ջուրը խմեց, մի քիչ հանգստացավ ու խոստացավ, որ այլևս նման բաներ չեն կրկնվի: Կյանքումս առաջին անգամ ես մատ թափ տվեցի ռուս բարձրաստիճան սպայի վրա ու խոստացա, որ կրկնվելու դեպքում նրան կպատժեմ՝ զինվորական կանոնադրությունը խախտելու, կեղծիքների ու կաշառակերության համար: Գնդապետի հետ ունեցած խոսակցությունս թողեցի առանց հետևանքների, այդ հարցով կարող էի դիմել շրջկոմի առաջին քարտուղարին՝ գնդապետին կուսակցական տույժի ենթարկելու կամ քրեական գործ հարուցելու պահանջով (ԽՍՀՄ տարիներին խորհրդային զինվորականությունը գտնվում էր տեղական կուսակցական կազմակերպությունների անմիջական ենթակայության տակ), բայց նման քայլի չդիմեցի երկու նկատառումից ելնելով.
ա) ես չէի կարող պայքարել բոլորի ու ամեն ինչի դեմ, ես այլախոհ չէի, որոնց վերջնական հանգրվանը դառնում էր Մոսկվայի Կաշչենկոյի անվան հոգեբուժարանը։ Իմ պայքարի բուն նպատակը մեկն էր. իմ գիտական կոլեկտիվը հեռու պահել կոռուպցիայի մեջ թաղված հանցավոր համակարգի ազդեցությունից, որ մարդիկ իրենց հաջողությունը, իրենց կարիերիան ստեղծեն նորմալ պայմաններում, իրենց մասնագիտական մակարդակը բարձրացնեն ու պատրաստ լինեն սպասվող հեղափոխական փոփոխություններին: Գորյունովի հետ մենք հաշվել էինք, որ կոմունիստական երկրի կյանքը կարճ է լինելու ու կավարտվի այն պահին, երբ աշխարհում միկրոէլեկտրոնիկան փոխարինվի նանոէլեկտրոնիկայով: Մեր հաշվարկները ճիշտ էին, բայց սպասելի չէր, որ կոմունիստական գաղափարախոսության հետ կկործանվի նաև Խորհրդային Միությունը։
բ) Վստահ էի, որ Արտաշատում հմուտ կաշառակերի համբավ վաստակած շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանը (հետագայում անկախ Հայաստանի գյուղատնտեսության նախարար) ռուս գնդապետի կաշին կքերթեր ու «աշխատած» գումարներն իր տակը կքաշեր, դա նրա համար սպասված նվեր կլիներ: Մոտավորապես այնպես, ինչպես դա հիմա արվում է մեր երկրում. բռնում են պատկառելի կաշառակերին կամ թալանչիին, «վաստակած» գումարի փոքր մասը մուտքագրում (հայտնի չէ, թե որտեղ, ինչ պայմաններով), մյուսը, ամենայն հավանականությամբ, առավել մեծ մասը տեղավորում են իրենց գրպաններում կամ ֆինանսական հայտնի ու անհայտ կառույցներում՝ նեղ օրերի համար:
ԿԳԲ-ի գնդապետ Պավել Միխայլովիչը պաշտոնաթողությունից հետո աշխատանքի էր անցել Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ում՝ որպես կադրերի ու ռեժիմի հարցերով տնօրենի տեղակալ, հետագայում դարձավ մեր աշխատակիցը, զբաղվում էր Արտաշատի մասնաճյուղի հարցերով: Պավել Միխայլովիչը հաճախ էր գալիս Հայաստան, սիրում էր մեր երկիրն ու մարդկանց, սեփական կարծիքն ուներ ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղի հետագա ճակատագրի մասին.
-Ղարաբաղի պատերազմը աֆղանականից երկար կտևի, բայց ձեզ չեն տա, ոչ էլ Ադրբեջանին կթողնեն, այլ օդից կախված կպահեն այնքան ժամանակ, մինչև վերջնական լուծում չստանա ԽՍՀՄ-ը քանդելու ու նորովի, այլ կարգավիճակով հավաքելու հարցը: Գորբաչովի բոլոր քայլերը ցույց են տալիս, որ ԽՍՀՄ-ը պետք է քանդել ու նորից հավաքել այնպես, որ աշխատող երկիր դառնա, այս պոռնկատան նման չլինի, որ մարդիկ աշխատեն Ձեր ինստիտուտի արդյունավետությամբ, Ձեզ մոտ այն բարձր է, մինիստր Շոկինն է դա նշել:
Նեզնամովից հետաքրքրաշարժ տեղեկություններ եմ ստացել ԿԳԲ-ի աշխատանքային առօրյայից, ԿԳԲ-ի աշխատաոճից:
-Օրինակ,- պատմում էր նա,- մեզ տվել են մարդկանց հետևելու առաջադրանք։ Հետևում ենք։ Մտան ռեստորան, մենք նրանց հետևից զբաղեցնում ենք կողքի սեղանն ու ճոխ խմիչք-ուտելիք պատվիրում։ Նրանք դուրս եկան ռեստորանից, վճարում ենք մեր սեղանի համար ու ամեն ինչ թողած դուրս գալիս՝ նրանց հետևից, հետագայում ներկայացնում մեր կատարած ծախսերի հաշվետվությունն ու ստանում ողջ գումարը: Ղեկավարությունը մշտապես հորդորում էր, որ պետք է ազնիվ լինել, խաբել չի կարելի. «ՈՒնեցեք քաղաքացիական խղճմտանք, ազնիվ եղեք»: Մեր խմբից մեկը մշտապես խաբում էր, պատվիրում էր միայն օղի ու սելյոդկա, բայց ճոխ հաշվետվություն էր ներկայացնում, նրա մասին հայտնեցինք, հաջորդ օրը նրան գնդակահարեցին:
ԽՍՀՄ տարիներին ԿԳԲ-ի աշխատակիցների մեջ էլ կային մարդիկ, ովքեր ապրել են ազատ ու անկաշկանդ կյանքով, իրենց վեր են դասել մյուսներից, առիթը չեն կորցրել մարդկանց ծաղրելու համար: ժամանակին ԿԳԲ-ի գործող գնդապետ Նեզնամովը այսպիսի մի արկածախնդրության էր գնացել, ինչը հիշում ու պատմում էր առանձնահատուկ երանելությամբ:
-Սանատորիա գնալիս մենք իրավունք չունեինք գրանցման համար մեր իսկական տվյալները տալու աշխատանքի վայրի ու մասնագիտության վերաբերյալ, իսկականը գրել չէր կարելի, մի անգամ որոշեցի գինեկոլոգ գրվել։ Մի քանի օր անց լուր տարածվեց, որ հանգստացողների մեջ բժիշկ-գինեկոլոգ կա, կանայք գալիս էին ինձ մոտ՝ կոսուլտացիաների, ընդունում էի, ուսումնասիրում, խորհուրդներ տալիս, բոլորը գոհ էին մնում:
Խորհրդային մարդկանց մոտ ԿԳԲ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք էր ձևավորվել՝ Ստալինի ժամանակներից էր գալիս։ Մարդկանց մեջ այդ կառույցի նկատմամբ վախի զգացում էլ կար, ինչը այնքան էլ հիմնավոր չէր: ՈՒղղակի պետական հիշյալ կառույցի դրվածքն էր այդպիսին, չափից դուրս ոչ կոմպրոմիսային էր, մեղավորները պետք է կրեին իրենց պատիժը, կաշառքով ազատվել չէր կարելի:
Բրեժնևի օրոք այս կառույցն էլ հարամվեց, իսկ անկախությունից հետո կաշառակերությունն այստեղ բուռն զարգացում ապրեց: Պատմում է մեր տնօրեններից մեկը.
-Ամեն օր ԿԳԲ-ից երկու երիտասարդ էին գալիս, թե ինչու եք մեր թշնամիներին հաստոցներ վաճառում (խոսքը ԼՏՊ տարիներին մեր բարեկամ Իրանին պաշտոնական ձևակերպմամբ հաստոցներ վաճառելու մասին էր, դա մասսայական բնույթ էր կրում)։ Այնքան գնացին, եկան, մինչև 500-ական դոլարները ստացան ու հանգստացան:
ԽՍՀՄ տարիներին այնտեղ որոշակի ավանդույթ կար, աշխատանքի էին վերցնում միայն լավագույն կադրերին՝ իրենց ընտրությամբ, միայն անբասիր կենսագրություն ունեցող, համարձակ, գրագետ ու կայացած քաղաքացիներին: Ինստիտուտի վերջին կուրսում ինձ էլ ԿԳԲ-ի համակարգում աշխատելու առաջարկ արվեց, առաջարկողը Գորիկ Հակոբյանն էր (հետագայում ԿԳԲ-ի գեներալ-գնդապետ, ԱԱԾ-ի տնօրեն)։
-Երկու տարում բնակարան կստանաս, բարձր աշխատավարձ ու լավ կարիերա կունենաս,- համոզում էր նա:
Չուզեցի։ Մանուկ հասակից իմ մեջ ազատ, անկախ, անկաշկանդ կյանքով ապրելու ցանկություն կար, գիտական կարիերան ավելի էր հրապուրում։ Հետո ես մշեցի եմ, ուրիշի ձեռքի տակ աշխատել, ուրիշների հրամանները կատարել չեմ սիրում: Գորիկի հետ խաղում էինք պոլիտեխնիկի բասկետբոլի հավաքականում։ Այդպես էլ մնացինք ընկերներ՝ անկաշկանդ ու ոչնչով չպարտավորված:
Ռազմական արդյունաբերության մեջ մեր աշխատանքները մշտապես դրված են եղել ԿԳԲ-ի հսկողության տակ։ Արտաշատում՝ ԿԳԲ-ում մեր հարցերով զբաղվող հատուկ աշխատակից կար: Այդպիսի պայմաններում աշխատելը բեռ չի դառնում, եթե աշխատում ես օրենքների սահմաններում, պետության համար, պետության օգտին, պահում ու պահպանում ես պետական ու ռազմական գաղտնիքները, չես գողանում, կաշառակերությամբ չես զբաղվում, օտարերկրյա գործակալների հետ կոնտակտի չես գնում ու ջանում ես, որ այդ պետական-պետականամետ կարգ ու կանոնին հետևեն կոլեկտիվի բոլոր անդամները:
Օրերից մի օր այդ կարգ ու կանոնով աշխատելը մի կողմ դրեցի ու սկսեցի զբաղվել իմ ծառայողական պարտականությունների հետ առնչություն չունեցող գործերով, որոնք դեմ էին կոմունիստական կուսակցության հռչակած սկզբունքներին, չէին տեղավորվում պրոլետարական ինտերնացիոնալիզմի և նմանօրինակ այլ դոգմաների մեջ: Դա 1988 թիվն էր, երբ մենք սումգայիթյան ջարդեր ունեցանք ու տեսանք կոմունիստական դիմակի տակ թաքնված երկրի իրական դեմքը, մեր թուրք հարևանների անմարդկային, գազանային էությունը: Համոզված եմ, որ սումգայիթյան ջարդերը կազմակերպված էին Գորբաչովի թելադրանքով, դա նրան խիստ անհրաժեշտ էր՝ «перестройка» կոչվող հակապետական գործողությունները հիմնավորելու և առաջ տանելու համար. տեսեք ու ընդունեք, որ այս գազանների հետ հնարավոր չէ ոչ կոմունիզմ, ոչ էլ սոցիալիզմ կառուցել։ Ինչպե՞ս ոտքի կհանես անծայրածիր երկրի տնտեսությունը, արդյունաբերությունը, ինչպե՞ս կկերակրես 300-միլիոնանոց ժողովրդին, բավարար արդյունքներ ցույց կտաս, արտասահմանյան երկրների նկատմամբ մրցակցային առավելություն կստանաս, եթե մեր մեջ այսպիսի վայրենի ազգեր են ապրում: Բարի նպատակներին հասնելու համար կրթված, դաստիարակված, աշխատասեր ու օրինապաշտ քաղաքացիներ են պետք, բայց ի՞նչ ունենք իրականում. տեսեք Սումգայիթում, տեսեք Բաքվում, տեսեք Կիրովաբադում ու համոզվեք, որ այսպիսի գազազած ու գազանացած ամբոխ ունենք, որը պատրաստ է սպանելու և խարույկների վրա այրելու իրենց հարևաններին, խորհրդային անմեղ քաղաքացիներին, կանանց ու երեխաներին: Անգամ Հիտլերի ժամանակ մարդկանց սպանելու որոշակի կարգ կար, դիակները չէին ծաղրում, գերիներին, գնդակահարելուց առաջ, կերակրում ու լվացվելու հնարավորություն էին տալիս, որ Աստված նրանց ընդունի:
Մոսկվայում կայացած դատավարությունը Սումգայիթի հանցագործների մի մասի համար ավարտվեց խրախուսական մեղմ պատիժներով, ինչը Գորբաչովը ծառայեցրեց ներքին լարվածության հետագա էսկալացիայի, գործողությունների անընդհատ ու աստիճանական ծավալման գործընթացին: Նման պայմաններում հայերիս մի բան էր մնացել. միավորվել, մի կողմ դնել խորհրդային-կոմունիստական աշխատաոճն ու ապրելաոճը, մտածել միայն մեր ժողովրդի գլխին ծառացած վտանգին դիմակայելու և դիմադրելու մասին։ Դա էր մեր ինքնապաշտպանության ու ինքնահաստատման պարտադիր պայմանը:
Սումգայիթյան ջարդերը ցույց տվեցին, որ մենք պարտավոր ենք նեցուկ կանգնելու սկիզբ առած ղարաբաղյան շարժմանն ու ղարաբաղյան պատերազմին՝ անտեսելով մեզ վրա դրված խորհրդային ֆունկցիոնալ պարտականությունները: Ինձ համար սպասելի էր, որ այդ գիտակցումով էին շարժվում նաև Արտաշատի ԿԳԲ-ի աշխատակիցները: Այդ օրերին Արտաշատի ԿԳԲ-ի պետ, գնդապետ Գևորգյանը ինձ հետևյալ հանձնարարությունը տվեց. «Թույլ մի տվեք, որ առաջնագիծ մեկնեն Ձեր այն աշխատակիցները, ովքեր լուրջ զենք չունեն»:
Ազատամարտիկների պատվերով մեր ինստիտուտում զենք էինք պատրաստում, սկզբում պրիմիտիվ, բայց շատ կարևոր զենք, որի կարիքը առաջնագծում կար։ Բնականաբար մեր միջոցներով ու մեր անձնական պատասխանատվությամբ, մեր անվրդով կյանքի հաշվին՝ առանց հաշվի առնելու ԿԳԲ-ի գաղտնի հսկողության փաստը: ԿԳԲ-ում մեր գործերի մասին գիտեին, չէին կարող չիմանալ, պարտավոր էին իմանալ, բայց չտեսնելու էին տալիս, չէին խանգարում: Խորհրդային գործող օրենքներով մեր արածը կարող էր որակվել որպես հակապետական, հակախորհրդային գործունեություն: Եթե Մոսկվային հայտնի դառնար (նման ինֆորմացիաները տեղ էին հասցվում ԿԳԲ-ի միջոցով), որ էլեկտրոնային արդյունաբերության կազմակերպությունում զբաղվում են իրենց չվերաբերող հարցերով և մեր ինստիտուտի, համենայն դեպս, իմ՝ տնօրենիս, հարցը կարելի էր լուծված համարել՝ սեղանին դնելով կուսակցական տոմսը, ազատվելով աշխատանքից ու դատվելով խորհրդային քրեական օրենքներով։ Բայց նման բաների մասին մտածելու ժամանակ չունեի, ղարաբաղյան ճակատում պետք էր հաղթանակ կերտել։ Ձեռքի տակ չունենալով ժամանակակից զենքի որևիցե նմուշ, պետք էր կռվել անզեն ձեռքերով ու մեր բազմաթիվ գործարաններում հապճեպ արտադրված պրիմիտիվ զինատեսակներով: Այդ օրերին նոմենկլատուրային գործիչների մեջ մեծ շփոթ էր առաջացել, չինովնիկները չէին հասկանում, թե ինչ է պետք անել, որ կողմն անցնել:
Մի օր ինստիտուտի անցաթողման կետից ինձ հայտնեցին, որ հանրապետական դատախազությունից մարդ է եկել, առանց անցաթղթի ուզում է Ձեզ մոտ բարձրանալ, ներս չենք թողնում: Իջա ներքև։
-Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում:
-Ես հանրապետական դատախազությունից եմ, ցանկանում եմ Ձեզ հետ խոսել:
-Ցույց տվեք ինձ հետ խոսելու Ձեր գրավոր կարգադրությունը։ Չունե՞ք։ Ցտեսություն:
-Այդ դեպքում, խնդրում եմ, անցնենք դիմացի շենքը՝ դատախազություն:
-Դրա համար էլ է գրավոր կարգադրություն պետք, պաշտոնապես դիմեք՝ կգամ:
Մարդը շփոթվեց, հնարավոր է, որ խորհրդային այդ դատախազն իր կյանքում նման իրավիճակներում երբեք չէր հայտնվել, փորձեցի օգնել։
-Ձեր ուզածն ի՞նչ է:
Դատախազը գրպանից հանեց իմ ասպիրանտ, ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Բուտաևի ու ավագ ինժեներ Համբարձում Ասատրյանի նկարները՝ ստացված ֆոտոհեռագրի միջոցով։
-Սրանց պետք է ձերբակալենք:
-Ձեր ասածից չե՞ք ամաչում, այդ ի՞նչ բարոյականության տեր դատախազ եք, որ մեր հերոս տղաներին ձերբակալելու համար եկել, հասել եք Արտաշատ։ Տղաները նոր են վերադարձել Ղարաբաղից։ Այնտեղ կռվում են, որ մի օր էլ Ձեր ընտանիքը սումգայիթյան ջարդերի զոհը չդառնա, իսկ Դուք ուզում եք նրանց վիզը կոտրել, ամաչեք Ձեր տարիքից:
-Տղա ջան, ես Ձեզ հասկացա,- ասաց ու դառնացած հեռացավ:
Այդ օրերին Հայաստանում շփոթված պաշտոնյաների պակաս չկար։ Նրանցից մեկը Սերգո Կարապետյանն էր՝ Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Մոտ օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ նա, դիզվառելիքի հարցով, ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահի դեմ: Շատ կզարմանայի, եթե Սերգոն նման բան չաներ: 1988 թվին նա գլխավորում էր Արտաշատի պահածոների գործարանը, շրջկոմի առաջին քարտուղարին ցուցմունք էր տվել իմ դեմ, թե Համազասպյանը աշխատողներին ցույցերի ու գործադուլների է դրդում, իր և շրջանի աշխատավորների համար վատ օրինակ է ծառայում, ինքը չի կարողանում պահածոների գործարանի աշխատողներին ցույցերից ու գործադուլներից հետ պահել, ողջ շրջանը խառնել է իրար: Ա՜յ քեզ Սերգո: Իմ և շրջանի մյուս ձեռնարկությունների տնօրենների հակաօրինական ու հակակուսակցական գործունեության հարցը քննարկման դրվեց շրջկոմի բյուրոյի արտահերթ նիստում, դրա մասին արդեն գրել եմ, բոլորը ստացան իրենց կուսակցական նկատողությունները՝ բացի ինձանից: Զավեն Գևորգյանը մի անբացատրելի ներքին վախ ուներ իմ անձի նկատմամբ, առաջին անգամ էր այդպիսի կոմունիստի հանդիպել, բացահայտ առճակատման չէր գնում, բայց ուներ ինձ պատժելու համար մշակած իր գաղտնի պլանը: Շրջանի ու հանրապետության կոռումպացված համակարգի համար ես ծայրագույն վտանգ էի ներկայացնում ոչ թե իմ անաչառ կեցվածքով ու անկոտրում կամքով, այլ նրանով, որ «վարակիչ» օրինակ էի ծառայում շրջանի աշխատավորական կոլեկտիվների, նույնիսկ պետական ու կուսակցական շարքային գործիչների համար: Շատերը կցանկանային ունենալ ազատության ու անկախության այն աստիճանը, որին ես հասել էի իմ աշխատանքով ու մշտական պայքարով: Շատերը դրան հասնել չէին կարող, որովհետև իրենց աշխատանքի ու ապրուստի միջոցներ հայթայթելու հարցը ինքնակամ կապել էին «վերևների» հետ, որոնց դեմ պայքարելու ոչ քաջություն ունեին, ոչ էլ ցանկություն, որովհետև հասկանում էին, որ նրանց քմահաճ վերաբերմունքից էր կախված կուսակցական-պետական ապարատի սպասավորների անձնական բարեկեցությունը: Ստեղծված իրադրությունը նրանց պարտադրում էր լինել խոնարհ ու հեզ, մշտապես խախտել օրենքները, լինել կաշառակեր ու կոռուպցիոն համակարգի օրինակելի սպասավորները, հայտնվել ու մնալ նոմենկլատուրային անվանացուցակների մեջ: Մոտավորապես նույն կարգավիճակում էին գտնվում գործարանների տնօրենները՝ սկսած արտադրամասերի պետերից: Եթե կուսակցական-գործադիր իշխանությունը պատկերենք իշխանական ուղղաձիգով, ապա գործարանների, կոլխոզների և բարիքներ ստեղծող ու սպասարկող այլ կազմակերպությունների ղեկավարներին կարող ենք տեղավորել «վերևներին» սպասարկող հորիզոնագծերով: Գործարանների տնօրենները, իրենց կերակրատաշտերը չկորցնելու համար, կուրորեն պահպանում էին կոմունիստական էթիկայի բոլոր կանոնները՝ իրենց բոլոր նյուանսներով հանդերձ: Այսպիսի մի դեպք:
1982 թվի նոյեմբերի 11-ին հանդիպեցի Արտաշատի «Սիրիուս» գործարանի տնօրեն Անդրեյ Այդինյանին, ոտքից գլուխ սև էր հագել, սև գլխարկ, սև փողկապ, անգամ գուլպաներն էին սև:
-Անդրեյ Բագրատովիչ, ինչ-որ դժբախտությու՞ն է պատահել:
-Բա չե՞ք իմացել, ընկեր Բրեժնևն է մահացել:
Իհարկե, Բրեժնևի մահը մեծ կորուստ էր քաղաքական անեկդոտներ հորինողների համար, բայց նաև բրեժնևյան էպոխայի ավարտն էր ավետում, որտեղ մեր նոմենկլատուրային տնօրեններն իրենց զգում էին, ինչպես ձուկը ջրում. ոչ մի էական օգուտ երկրին, նրա տնտեսությանը, բայց սեփական շահերի լիարժեք սպասարկում՝ միայն մեկ պարտադիր պայմանով. պետք է լոյալ վարվեցողություն պահպանել ու լիովին ենթարկվել կուսակցական իշխանավորների քմահաճույքներին ու ժամանակին «մուծվել», սա պարտադիր էր: Բանվորները, ինժեներները, գյուղացիները և ռոճիկով ապրող մյուս քաղաքացիները դարձել էին խորհրդային կոմունիստական թատրոնի պասիվ, հուսահատված, հուսախաբված, շանթահարված ու մոլորության աստիճանի շփոթված դիտորդները, որոնց համար կար իրենց անձնական-օրհասական խնդիրները լուծելու մեկ հուսալի ճանապարհ՝ ԽՍՀՄ-ում հաստատված պետական-հասարակական անճարակ համակարգի կործանումը։ Բնակչության գերակշիռ մեծամասնությունը, առավել ևս, նոմենկլատուրային փոքրամասնությունը, վերից վար, պատրաստ էին նման զարգացումներին: ԽՍՀՄ-ում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել, որ Գորբաչովին մնում էր միայն սեղմել երկրի կործանումն ավետող դեմոկրատական կոճակ-ազդանշանը, ինչը նա արեց հաճույքով ու մեծ նվիրումով:
Նման մի իրավիճակ է ստեղծվել մերօրյա Հայաստանում. վարչապետին դուր չի գալիս, որ մարդիկ լավ կյանքի են սպասում՝ իրենց բազմոցներին նստած, իսկ ինքը խոսում է զուգարանակոնքերից: Ամոթ մեզ ու մեր վարչապետին, հազա՜ր ամոթ, որ օրհասական այս ժամանակներում քյաբաբ-բլինչիկից, զուգարաններից բացի, խոսելու առավել կաևոր թեմաներ չունենք:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ